
Հայկ Ալումյանի ներկայացրած բողոքի քննությունը հետաձգվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Դատական նիստը տեղի չունեցավ. դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Նախաքննություն իրականացնող ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչը նրանց ազատ էր արձակել՝ նշելով, որ նրանց գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:
Հայկ Ալումյանը բողոքարկել էր նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Քննիչը գտել էր, որ դեպքի օրը Ավետիք Բուդաղյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված երկու արարքներ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր նրա մահվան պատճառով: