Թուրքիան սկսում է աշխարհին «լուսավորելու» մասշտաբային նախագիծ՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակադեմիկոսները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները սկսում են խոշոր մի նախագիծ՝ կապված հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
«Ղարաբաղյան հարցի օրինակով տարածաշրջանային տարաձայնությունների բացասական հետևանքների կարգավորումը» խորագրով նախագծի շրջանակներում առաջին անգամ ներկայացվելու են 1915 թվականի դեպքերին առնչվող «պատմական փաստաթղթեր»: Նախագծի ծանուցման նպատակով հունվարի 20-ին Անկարայում անցկացվել է «Ղարաբաղյան հիմնախնդիր. որտեղից որտեղ» խորագրով կոնֆերանս:
Նախագծի նպատակը միջազգային հասարակական կարծիքի «լուսավորումն» է: Առաջին անգամ արխիվներից հանվելու են այնպիսի փաստաթղթեր, որոնք կուժեղացնեն Հայոց ցեղասպանության դեմ Թուրքիայի պնդումները: Դրանցում խոսք է գնալու այն մասին, որ հայերն են «կոտորել» թուրքերին, ինչպես նաև ադրբեջանցիներին:
Նախագիծն արժանացել է ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ու Անկարայում Ադրբեջանի դեսպանատան աջակցությունը: Նախագծի մեկնարկը տրվելու է փետրվարի 26-ին (Խոջալուի (Իվանյան) իրադարձությունների օրը) Ռեջեփ Թայյիփ Էրդողանի անվան համալսարանում:
Դրանից հետո այն իր շարունակությունը կստանա Աբդուլլահ Գյուլի անվան համալսարանում, Ադանայում, Մերսինում, Տրապիզոնում, Գիրեսունում, Քոնյայում, Էրզրումում, Էրզինջանում (Երզնկա) և Յոզգաթում գտնվող համալսարաններում:
Ինչ վերաբերում է արտերկրին, ապա պլանավորված է կոնֆերանսներ անցկացնել Գերմանիայում ու Նիդերլանդներում, ինչպես նաև ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ):