Բաժիններ՝

Ալկոհոլի չարաշահման պատճառով ռուս տղամարդիկ վաղաժամ հրաժեշտ են տալիս իրենց կյանքին. Die Welt

Գերմանական Die Welt պարբերականի փոխանցմամբ՝ ալկոհոլի պատճառով ռուս տղամարդիկ վաղաժամ հրաժեշտ են տալիս իրենց կյանքին: Չնայած Ռուսաստանում ընդունվող հակաալկոհոլային օրենքներին՝ օղու գնի մեծացմանն ու գիշերային ժամերին ալկոհոլային արտադրանքի վաճառելու վրա դրված արգելքին՝ ալկոհոլային խմիչքների չափազանց շատ օգտագործումը շարունակում է ռուս տղամարդկանց շրջանում մնալ բարձր մահացության գլխավոր պատճառներից մեկը:

Գիտնականների միջազգային խմբի իրականացրած լայնամասշտաբ հետազոտության համաձայն, ռուս տղամարդկանց մոտ 25 տոկոսը մահանում է մինչև 55 տարեկան հասակում: Համեմատության համար նշվում է, որ Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 7 տոկոսը:

Հակումների վերաբերյալ հետազոտությունն առնչվել է 151.000 ռուս տղամարդու, դրա արդյունքները հրապարակվել են The Lancet բժշկական ամսագրում: Պարզվել է, որ վաղաժամ մահվան ամենաբարձր ռիսկը՝ 35 տոկոսը, եղել է 35-54 տարեկան այն տղամարդկանց շրջանում, որոնք ծխում են և շաբաթական խմում են առնվազն 1.5 լիտր օղի:

Արևմտաեվրոպական երկրների հետ համեմատ՝ Ռուսաստանում 15-54 տարեկան տղամարդկանց շրջանում ալկոհոլային մահացությունն ավելի բարձր է 5 անգամ, իսկ կանանց շրջանում՝ 3 անգամ: Ռուսաստանում կյանքի տևողությունը միջին հաշվով կազմում է 64 տարի, ինչը բավական ցածր ցուցանիշ է: Ռուսաստանին անհրաժեշտ է հակածխախոտային ու հակաալկոհոլային արդյունավետ քաղաքականություն:

Դեռևս 1980-ական թվականների կեսերին Միխայիլ Գորբաչովի իրականացրած հակաալկոհոլային կամպանիան զգալիորեն նվազեցրեց ալկոհոլի սպառումը երկրում, սակայն դրանից հետո՝ 1990-ական թվականներին (Բորիս Ելցինի նախագահության ժամանակ), ալկոհոլի սպառումը կտրուկ աճեց՝ հանգեցնելով նաև ալկոհոլային մահացությունների քանակի աճին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս