Բաժիններ՝

Ճնշումներ կան դպրոցներում և մանկապարտեզներում. աշխատողներին ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր (տեսանյութ)

«Կոնկրետ ճնշումներ կան դպրոցներում և մանկապարտեզներում. աշխատողներին ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր: Ճնշումներ են արձանագրվել նաև Արմսվիսբանկ (ArmSwissBank), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասել է «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը՝ անդրադառնալով պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու մասին խնդրին:

Սահմանադրական դատարանի` հունվարի 24-ի աշխատակարգային որոշման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ վեճի առարկան որոշակիորեն փոխադրվել է գործատու-աշխատող հարաբերությունների հարթություն: Պարզաբանելով ստեղծված դրությունը` Դավիթ Մանուկյանը հավելել է. «Որպես այդպիսին վճարում/փոխանցում կատարելու օրենքի նորմը կասեցված չէ, կասեցված է այդ վճարումը չկատարելու համար սպասվող պատասխանատվության նորմը. գործատուն փոխանցում կարող է չկատարել»:

Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հայտնել է, որ բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել աշխատողների իրավունքների իրազեկման ուղղությամբ: Մեկնաբանելով պետական աշխատողների շրջանում ստեղծված վախի մթնոլորտը` բանախոսը նշեց, որ համոզված է` աշխատողների միասնական պայքարի դեպքում ոչ ոք չի կարող նրանց աշխատանքից ազատել:

«Այս օրենքը ժամանակավրեպ է, մինչև օրենքն ընդունելը կառավարությունը պետք է տաներ նախապատրաստական աշխատանքներ, ինչը չի արվել»,- հավելել է Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

Կարդացեք նաև

«Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանն իր հերթին փաստել է, որ տեղյակ է բազմաթիվ դեպքերի մասին, երբ աշխատողները և նրանց խմբերը չեն զլացել և դիմում են գրել իրենց գործատուին` խնդրելով իրենց սեփականությունը հանդիսացող պայմանական 5 տոկոսը չփոխանցել և հայտնել են այն մասին, որ դեռ չեն պատրաստվում ընտրել որևէ ֆոնդ.սա իրավունքների պաշտպանության ևս մի տարբերակ է:  Դավիթ Մանուկյանը տեղեկացրել է, որ մինչև մարտի 28-ը` Սահմանադրական դատարանի դիմումը քննելու օրը, լինելու են հստակ վեկտորներով գործողություններ, հատկապես ակտիվ այցեր դեպի մարզեր. Վանաձորը, Ալավերդին, Կապանը և Գյումրին արդեն իրենց հետ են այս հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի դեմ պայքարում և փետրվարի 8-ին Վանաձորում տեղի կունենա հերթական բողոքի ակցիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս