Վիկտորյա Նուլանդն առաջիկա օրերին կժամանի Կիև
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն իր եվրոպական շրջագայության վերջում կայցելի Կիև: Այդ շրջագայությունն իրականացվելու է այսօրվանից մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում:
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում: Ամենայն հավանականությամբ Նուլանդը Կիև կժամանի փետրվարի 6-ին՝ Գերմանիայից: Նուլանդն ուղեկցելու է պետքարտուղար Ջոն Քերին և լինելու է նաև Աթենքում, Նիկոսիայում ու Պրահայում:
Կիևում Նուլանդը հանդիպելու է Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության առաջնորդների ու բիզնես առաջնորդների հետ: Այդ հանդիպումներում նա կոչ է անելու համաձայնության գալ նոր կառավարության ու գործողությունների պլանի շուրջ՝ հարգելով մարդու իրավունքները:
Նշվում է, որ Ջոն Քերին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում հանդիպելու է ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչների հետ: