ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք փորձարկելու մեջ. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի գծով իր գործընկերներին իրազեկել է, որ Ռուսաստանը խախտել է 1987 թվականին ստորագրված է Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը՝ իրականացնելով «երկիր-երկիր» դասի միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ:
Թերթի տվյալներով՝ ռուսական կողմն այդ հրթիռները փորձարկում է արդեն մի քանի տարի, սակայն ավելի վաղ ամերիկյան կողմը կոշտ ձևով չի պնդել այդ փորձարկումներին վերջ դնելը՝ չցանկանալով հարաբերությունները վատթարացնել Մոսկվայի հետ:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները ներկայումս նույնպես հայտարարում են, որ դեռ վաղ է խոսել փորձարկումների վերջնական արդյունքների մասին: Սակայն Վաշինգտոնում թերթի աղբյուրները պնդում են, որ խոսքը կատարելապես գնում է դեռևս Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի ստորագրած պայմանագիրը Ռուսաստանի կողմից խախտելու մասին:
Թերթը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի չշտապելը կարող է պայմանավորված լինել նրանով, որ փորձարկվող հրթիռները ձևականորեն կարելի է համարել որպես միջմայրցամաքային, քանի որ դրանց թռիչքի հեռահարությունը գերազանցում է պայմանագրում սահմանված 5000 կիլոմետրը: