
Օբաման Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Մայքլ Ռոջերսի թեկնածությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության գործակալության (NSA) ղեկավարի պաշտոնում առաջադրել է փոխծովակալ Մայքլ Ռոջերսի թեկնածությունը, ով ղեկավարում է ԱՄՆ ռազմածովային ուժերի Կիբերնետիկ հրամանատարությունը (ԱՄՆ 10-րդ նավատորմ):
Այս մասին երեկ Լեհաստանում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը. «Սա բարդ ժամանակաշրջան է NSA-ի համար, իսկ փոխծովակալ Ռոջերսն այդ պաշտոնում կներդնի իր բացառիկ փորձը, որպեսզի NSA-ն շարունակի կատարել իր կարևորագույն առաքելությունը և անցկացնի նախագահ Օբամայի բարեփոխումները»:
NSA-ի ներկայիս ղեկավար Կիտ Ալեքսանդերի առաջիկա հրաժարականի մասին հայտնի դարձավ 2013 թվականի հոկտեմբերին: Նա պլանավորել է զբաղեցած պաշտոնը լքել մինչև այս տարվա ապրիլ: Ալեքսանդերը NSA-ն գլխավորում է 2005 թվականից:
NSA-ն համայն աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց նախորդ տարվա ամռանը, երբ նրա նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բացահայտեց NSA-ի լրտեսական գործունեությունը, ինչը դարձավ մեծ սկանդալների պատճառ և առնչվեց բազում երկրների: