
Նոր օրինագծով նախատեսվում է զենք կրելու թույլտվությունը դարձնել անժամկետ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր միաձայն կողմ քվեարկեց «Զենքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:
ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ օրենքում որոշակի խնդիրներ էին առաջացել, ինչն էլ փոփոխություններ կատարելու համար հիմք է հանդիսացել: Նա նշեց, որ խոսքը մասնավորապես վերաբերում է թույլտվություններին, հրացանների հասկացությանը, զենքերը հավաքածուների մեջ ներառելուն:
Ա. Օսիկյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նաև երկարափող հրացանը՝ որպես ինքնապաշտպանության միջոց, հանել զենքերի ցանկից, քանի որ այն ինքնապաշտպանության համար հարմար զինատեսակ չէ:
«Նախատեսում ենք նաև զենք կրելու թույլտվության 3 և 5 տարի ժամկետները հանենք և թույլտվությունը դարձնենք անժամկետ, միաժամանակ «Տուրքի մասին» օրենքով հնգապատկենք տուրքի չափը՝ հաշվի առնելով, որ թույլտվությունը դառնում է անժամկետ»,- նշեց նա: