Սևանա լճի մակարդակի դրական բալանսը կազմել է 6 սմ

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի 6 սմ դրական բալանս: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ Սևանից ջրառը սահմանվում է 5 տարի ժամանակով, Ջրպետկոմի կողմից ընդունվել է, որ բացասական բալանս չպետք է արձանագրվի, իսկ եթե տարվա արդյունքներով բացասական բալանս է արձանագրվում, ապա հաջորդ տարի որոշակի ժամանակաշրջան պետք է այնպես արվի, որ լճի մակարդակի բալանսը վերականգնվի:

Սևանա լճում ձկնաբուծության համար հատկացվող տարածքի վերաբերյալ Ա.Հարությունյաը նշեց, որ դա տարածքի 0.002% դեռևս չի կազմում, իսկ համաշխարհային չափանիշներով մինչև 1.5-2% թույլատրվում է: Նա նշեց, որ ձկնաբուծության համար օգտագործվելիք տարածքը, իրականացված պիլոտային ծրագիրը թույլ են տալիս հավաստել, որ այս նախագիծը չի վնասի Սևանա լճին, հակառակը՝ այն թույլ կտա մանրաձկի պաշարը համալրել:

Միաժամանակ նախարարը բացառեց, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներով կեր է օգտագործվել ձկների համար և տեղեկացրեց, որ ներկայումս ԱԺ-ում է գտնվում օրինագիծ, որով ՀՀ տարածքում արգելվելու են ԳՁՕ-ները. «Հայաստանը ազատ տարածք է հայտարարվելու, այսինքն՝ արգելվելու է որևէ գործողություն»:

Տեսանյութեր

Լրահոս