
Իրանում կբարձրանան բենզինի և մյուս էներգակիրների գները. Ռոուհանի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իրանական հաջորդ տարում (մեկնարկում է այս տարվա մարտի 21-ին) երկրում բարձրանալու են բենզինի գները:
Իրանական հաջորդ տարվա ազգային բյուջեի նախագծում նշված է, որ նախատեսվում է միջին հաշվով էներգակիրների (նավթ, գազ, բենզին և այլն) գների 33-տոկոսանոց թանկացում: Ռոուհանին ընդգծել է, որ բենզինի գները կարող են աճել ավելի շատ՝ համեմատած մյուս էներգակիրների հետ:
Ներկա դրությամբ Իրանում մեկ լիտր բենզինի գինը պետության սուբսիդավորմամբ կազմում է 4000 ռիալ (մոտ 16 սենթ՝ հաշվի առնելով ռիալի պաշտոնական փոխարժեքը՝ 1 դոլարը հավասար է 24.866 ռիալի), մինչդեռ ազատ շուկայում մեկ լիտր բենզինի գինը հասնում է 7000 ռիալի:
Ներկայումս ավտոմեքենաներ ունեցող Իրանի քաղաքացիները պետությունից ամեն ամիս ստանում են 60-ական լիտր բենզին՝ սուբսիդավորումը հաշվի առնված գնով, սակայն օրացուցային հաջորդ տարում նրանք ստիպված կլինեն մեկ լիտր բենզինի համար վճարել 7000-ական ռիալ:
Ներկայումս Իրանում օրական միջին հաշվով ծախսվում է 68 միլիոն լիտր բենզին: