Արմեն Աշոտյանը տիրացել է բժշկականի հանգստավայրի՞ն. «Հրապարակ»

Ինչպես գրում է «Հրապարակը». Նամակագիրը թերթին հայտնել է, որ Պետական բժշկական համալսարանին պատկանող Դիլիջանի հանգստյան տունը վարձակալությամբ տրվել է մի ընկերության, որի «տանիքը» կրթության նախարար Արմեն Աշոտյանն է։ Նամակագիրը վստահեցրել է, որ նախարարը վաղուց է պայքարել այս հանգստյան տանը տիրանալու համար։
… «ԵՊԲՀ-ից Աշոտյանը 2013 թվականին կարողացավ խլել Դիլիջանի հանգստյան տունը, որտեղ տարվա բոլոր ամիսներին մատչելի գներով հանգստացել են ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները: Խլման գործողությունը կատարվեց վարչապետի հրահանգով, կառավարության որոշմամբ, և, ինչպես միշտ է արվում, սկզբում ձևակերպվում է ուրիշի անունով, երկարատև վարձակալության, իսկ հետո արդեն, շատ արագ չնչին գներով սեփականացնում են»,- գրված էր «Հրապարակին» ուղղված նամակում։

Անկեղծ ասած, չէինք ուզում հավատալ, որ ՀՀԿ-ի ամենաակտիվ քարոզիչը նման գործարքում է թաթախված, և ուրախ էինք՝ ստանալով նրա հերքումը. «Ասեմ, որ ոչ մի անձնական կապ ԵՊԲՀ Դիլիջանի ուսումնաարտադրական բազայի և նրա վարձակալության մասին որոշման հետ չունեմ: Մնացած հարցերը կարող եք ճշտել Պետգույքի կառավարման վարչությունից»: ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Վիկտորիա Անիկինան «Հրապարակ» օրաթերթին նույն խորհուրդն է տվել՝ վստահեցնելով, որ Բժշկական համալսարանի ուսումնաարտադրական բազան վարձակալ չունի, որ համալսարանը չի պատրաստվում այն վաճառել:
Սակայն Պետգույքի կառավարման վարչությունից «Հրապարակը» այլ պատասխան է ստացել: «ԵՊԲՀ Դիլիջանի բազան անցյալ տարի կառավարության որոշմամբ տրվել է վարձակալության: Բազան տարբեր շենքեր և շինություններից է կազմված: Դրանք վատ վիճակում էին, համալսարանը չէր հասցնում ներդրում անել, և հիմա այդ հանգստյան վայրը հանձնվել է երկարաժամկետ վարձակալության, որ ներդրումներ արվեն, և որ այն ծառայի բուհի կարիքներին»,- ասել է վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը, սակայն հրաժարվել է նշել վարձակալի անունը, պատճառաբանելով, որ չի կարող առանց կողմի համաձայնության տեղեկություն տալ»:

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս