Յանուկովիչն իշխանության պահպանման հարցում վճռական է տրամադրված և պատրաստ է կիրառել ուժ. Կլեպեր
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վճռական է տրամադրված իշխանությունը պահպանելու հարցում և պատրաստ է դրա համար կիրառել ուժ: Այս մասին Սենատում կազմակերպված լսումներում հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը:
Կլեպերի կարծիքով՝ Ուկրաինայի ղեկավարն ամենայն հավանականությամբ կօգտագործի ուժային մեթոդներ, ինչպես նաև ապօրինի միջոցներ՝ իրավիճակն իր օգտին փոխելու և իր վերընտրումն ապահովելու համար: Կլեպերը կարծում է, որ այդ ամենը սպառնում է քայքայել ժողովրդավարական նորմերն Ուկրաինայում:
Կլեպերը հայտարարել է, որ ռուսական տնտեսական աջակցությունը, որի շուրջ Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են նախորդ տարեվերջին, կուժեղացնի Ռուսաստանից Ուկրաինայի կախվածությունը և հանրապետությունը կդարձնի ավելի խոցելի՝ ճնշում գործադրելու համար: