
Մարտին Շուլցը կարծել է, որ իրեն հարց ուղղող Նաիրա Զոհրաբյանն ադրբեջանական պատվիրակության անդամ է

Vesti.az-ի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանել է ընդհանուր արտահայտություններով և նրան ներառել է անգամ ադրբեջանական պատվիրակության կազմում:
Զոհրաբյանի հարցն առնչվել է չճանաչված երկրների հասարակությունների հետ շփումներ հաստատելու վերաբերյալ ԵՄ-ի բանաձևերին: Նա նկատի է ունեցել ԼՂՀ-ը և դժգոհել է, որ դրանք չեն իրագործվում:
Շուլցը սկզբում կարծել է, որ Նաիրա Զոհրաբյանը հանդիսանում է ադրբեջանական պատվիրակության անդամ և հարցը ստացել է ադրբեջանական պատվիրակությունից, ինչի համար էլ որոշել է, որ հարցն առնչվում է Ղարաբաղյան հակամարտությանը:
Շուլցն ընդգծել է, որ չի հիշում ԵՄ-ի բոլոր բանաձևերը և հատկապես որոնք առնչվում են չճանաչված պետությունների հասարակություններին. «Չեմ կարող հընթացս պատասխանել Ձեր հարցին: Այդ ամենն առնչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ես չգիտեմ բոլոր բանաձևերը, ինձ անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հարցը»:
Նշվում է, որ երեկ էլ Զոհրաբյանն Ադրբեջանում պահվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերաբերյալ հարց է ուղղել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և ստացել է նմանատիպ (լղոզված) պատասխան: Ադրբեջանին մեղադրելով միջազգային բոլոր կոնվենցիաները խախտելու մեջ՝ Զոհրաբյանն իր հարցին ստացել է ձևական պատասխան:
Յագլանդը պատասխանել է, որ իր համար բավական բարդ է մեկնաբանել կոնկրետ այդ դեպքը՝ հավելելով, որ իրենք աշխատում են Կարմիր խաչի հետ և պաշտպանում են նրա գործողությունները: Յագլանդի խոսքերով՝ տվյալ հարցով կողմերից ոչ մեկն էլ չի դիմել իրենց, որպեսզի իրենք զբաղվեն դրանով: