Լրագրողներին խոչընդոտած Սևակ Խաչատրյանին 400.000 են տվել. aravot.am
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տված տղաներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը 400.000 դրամանոց գործուղում է շահել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ): Այս մասին գրում է aravot.am-ը:
Նա այդ ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հաղթողներից է, մրցույթ, որը փաստորեն հաջորդել է տնտեսագիտական համալսարանում կայացած եւ լրագրողական կազմակերպությունների կողմից դատապարտված տհաճ միջադեպին: Aravot.am-ը ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ սկզբունքով է Սեւակ Խաչատրյանի հայտը շահող ճանաչվել:
«ՀՀ բուհերում եւ գիտական կենտրոններում աշխատող մինչեւ 35 տարեկան ցանկացած երիտասարդ, որն արտասահմանում միջազգային գիտաժողովին գիտական բանավոր զեկուցմամբ հանդես գալու հրավեր ունի, կարող է դիմել ծրագրին: Մենք նախապես մշակած չափանիշներով եւ բալային սանդղակով, որը հնարավորինս զերծ է պահում մեզ սուբյեկտիվ վերաբերմունքից, գնահատում ենք հայտը: Սեւակ Խաչատրյանը ՀՊՏՀ դասախոս է, գիտությունների թեկնածու, մինչեւ 35 տարեկան է, ուստի ծրագրից օգտվելու բոլոր հնարավորություններն ուներ: Հայտ է ներկայացրել մասնակցելու Դոնեցկի ազգային համալսարանում կազմակերպվելիք տնտեսագիտական գիտաժողովին: Նա ներկայացրել է պաշտոնական հրավերը, տեղեկանք աշխատավայրից, որ դասախոս է աշխատում, մնացած բոլոր փաստաթղթերը, լրացրել է հայտը եւ գնահատման չափանիշների համաձայն՝ իր հավաքած միավորը բավարարել էր, որպեսզի ֆինանսավորում ստանա»,-պարզաբանեց ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատուն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: