
Ամփոփվել են Երևանի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 10.06. 2013թ. հայտարարված՝ Երևանի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը:
Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված ութ նախագծային առաջարկները և սահմանել գնահատման չափորոշիչները, ապա հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:
Ըստ այդմ, որոշվել է ներկայացված մրցութային ութ առաջարկները գնահատել ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:
Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը լիովին չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ուստի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին մրցանակ չշնորհել որևէ նախագծի:
Աշխատանքները գնահատելիս առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը քվեարկությամբ 2-րդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լևոն Վարդանյանի և Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝ Երևանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին և Արթուր Հովասափյանին՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն