Արցախում նոր գյուղ կհիմնվի Արաքսավան անունով
Հունվարի 28-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի ղեկավարն իր բացման խոսքում շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի օրվա առթիվ՝ կարևորելով մեր զինված ուժերի բացառիկ նշանակությունը խաղաղության ու անվտանգության պահպանման գործում:
Կառավարության որոշմամբ հաստատվեց ԼՂՀ 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Դրանով նախատեսվում է 11,2 մլրդ դրամ կապիտալ շինարարություն կատարել տարբեր ոլորտներում՝ ներառյալ բնակարանային շինարարությունը, կրթությունը, մշակույթն ու սպորտը, առողջապահությունը, հասարակական և վարչական նշանակության օբյեկտները և այլն: Վարչապետի խոսքով՝ 2014 թ.-ին Արցախում կատարվող շինարարության ծավալը չի սահմանափակվելու միայն պետական բյուջեով նախատեսված գումարով, քանի որ իրագործվելու են նաև բարեգործական ծրագրեր թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, թե՛ այլ ծրագրերի շրջանակներում՝ հասնելով ընդհանուր առմամբ շուրջ 20 մլրդ դրամի շինարարության:
Գործադիրը հաստատեց նաև կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված են 171 միջոցառում: Դրանց հիմնական մասը բաժին են ընկնում աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, իսկ բաշխվածության առումով՝ հիմնական ծանրաբեռնվածությունն առաջին եռամսյակի վրա է: Դրանում հիմնականում պահպանվել են կառավարության ծրագրով ամրագրված գերակայությունները, որոնք ներկայացվել են պատասխանատու մարմինների կողմից և ամփոփվել առաջարկվող նախագծում։ Վարչապետը հանձնարարեց հետևողական լինել նախատեսվող միջոցառումների ամբողջական և առանց հետաձգումների իրագործման հարցում:
Կառավարության որոշմամբ սահմանվեց մինչև «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը: Ըստ դրա՝ 2014 թ.-ին վարձու աշխատողներին յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը, որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը, չպետք է պակաս լինի 2013 թ.-ին հաշվարկվող աշխատավարձից:
Մեկ այլ որոշմամբ ԼՂՀ բնակավայրերում պետական բյուջեի միջոցներով և բարեգործական հիմունքներով տարբեր ժամանակահատվածներում կառուցված շուրջ 4,5 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, ԼՂՀ սեփականություն հանդիսացող բարձր, միջին և ցածր ճնշման գազատարերն ու սարքավորումները անհատույց, սեփականության իրավունքով հանձնվեցին «Արցախգազ» ՓԲԸ-ին:
Նիստում հաստատվեցին նաև օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունների, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության համաձայնության ձևերը: Որոշումներ ընդունվեցին նաև մի շարք հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
Կառավարությունը հավանություն տվեց «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքի վարչական տարածքում ձևավորել նոր գյուղ՝ Արաքսավան անվամբ: Փաստացի ձևավորված բնակավայրում ապրում են 8 ընտանիքներ՝ 29 բնակչի ընդգրկմամբ: Կառավարության հանձնարարությամբ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից աշխատանքներ են իրականացվել բնակավայրի նախնական սահմանները ճշգրտելու ուղղությամբ, որը նույնպես օրենսդրական համապատասխան նախագծի տեսքով կներկայացվի քննարկման։
Նիստում հավանություն տրվեց նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, լիցենզավորման, ինչպես նաև պետական տուրքի մասին ԼՂՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերին: Դրանցով նախատեսվում է կարգավորել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանոնները: Օրինագծերի ընդունման արդյունքում օրենքները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշերին:
Վերջում գործադիրի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ընդունված որոշումների արդյունավետ իրականացման նպատակով:
ԼՂՀ կառավարություն