
ՌԴ-ը չեղյալ չի հայտարարի վարկն ու գազային զեղչը Կիևում ընդդիմության հաղթանակի դեպքում. Պուտին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի նախաձեռնի Ուկրաինայի հետ վարկային ու գազային պայմանավորվածությունների վերանայում, եթե իշխանության գա ընդդիմությունը:
Այս մասին երեկ տեղի ունեցած «ԵՄ-Ռուսաստան» 32-րդ գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավելել է, որ Ուկրաինային հատկացված վարկը և ռուսական գազի գնի զեղչը կպահպանվեն՝ անկախ նրանից, թե Կիևում ով կլինի իշխանության ղեկին:
Պուտինը մանրամասնել է, որ իր վարկով ու գազի գնի զեղչով Ռուսաստանն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին և ոչ թե կոնկրետ կառավարությանը: Պուտինն ընդգծել է, որ իրենք մեծապես ցանկանում են, որ շարքային քաղաքացու ծանրաբեռնվածությունը լինի նվազագույն: