Յոթ հազար տարի առաջ եվրոպացիները եղել են թխահեր եւ կապուտաչյա
Ժամանակակից Իսպանիայի տարածքում մոտ յոթ հազար տարի առաջ բնակված «եվրոպացու» ատամից վերցված ԴՆԹ-ի փորձաքննությունը փոխում է գիտնականների պատկերացումները նեոլիթի դարաշրջանի մարդկանց արտաքինի մասին:
The Guardian-ի փոխանցմամբ, գենետիկ փորձաքննությունը ցույց է տվել, որ տարածաշրջանի բնակիչները թուխ մաշկ եւ մազեր են ունեցել: Բարսելոնայի Էվոլյուցիոն կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Կարլես Լալուեզա Ֆոքսն ասել է, որ որ «այդ մարդկանց մաշկը թուխ է եղել, բայց որքան թուխ` մենք չգիտենք»:
Գիտնականների համար անսպասելի են եղել նաեւ կապույտ աչքերը: Ըստ մասնագետների` նախկինում գիտնականներն այն կարծիքին էին, որ մուտացիան, որի արդյունքում առաջացել է աչքերի կապույտ գույնը, ավելի ուշ է տեղի ունեցել, քան մաշկի բացությանը հանգեցրած մուտացիան: