Բաժիններ՝

Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղավոր ճանաչված Ստեփան Հակոբյանի գործով կայացված վճիռը բողոքարկվել է

Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղավոր ճանաչված Ստեփան Հակոբյանի գործով կայացված վճիռը բողոքարկվել է քրեական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին: Գործը կքննեն դատավորներ Գրիշա Մելիք-Սարգսյանը, Հենրիկ Տեր-Ադամյանը, Կարինե Ղազարյանը: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է նրանում, որ Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պառճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք պահելու համար:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Ստեփան Հակոբյանն արդարացվել էր ապօրինի զենք  պահելու մեղադրանքում, իսկ սպանության պատվերի համար առաջադրված մեղադրանքում մեղավոր էր ճանաչվել: Դատարանի վճռով՝ Ս. Հակոբյանը դատապարտվել էր 14 տարի, 11 ամիս, 4 օր ժամկետով ազատազրկման:

Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը  բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ պահանջելով Ստեփան Հակոբյանին արդարացնել կամ բեկանել նույն դատարանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այն և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Մերժելու դեպքում մասնակիորեն բեկանել և փոփոխել դատավճիռը և Ստեփան Հակոբյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս