
ԵՄ-ը ողջունել է Ուկրաինայից ստացված վերջին նորությունները

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի բարձրագույն չինովնիկներն ու քաղաքական գործիչները դրականորեն են արձագանքել Ուկրաինայից ստացված վերջին լուրերին:
Խոսքը գնում է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարական ներկայացնելու և Գերագույն Ռադայի կողմից հունվարի 16-ին ընդունված «բռնապետական օրենքների» փաթեթի չեղյալ հայտարարման մասին: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այդ օրենքների չեղյալ հայտարարումն անվանել է անհրաժեշտ և ճիշտ քայլ ճգնաժամի կարգավորման համար:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը նույնպես ողջունել է այդ որոշումը՝ հույս հայտնելով, որ գերակայում է կառուցողականությունը և կշարունակվի երկխոսության միջոցով ստեղծված իրավիճակից մտածված դուրս գալու հետագա փնտրտուքը:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ողջունել է օրենքների չեղյալ հայտարարումը՝ փոխզիջման հանգելու և բարեփոխումներ սկսելու համար. «ԵՄ-ը և Լեհաստանը պատրաստ են օգնել»: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանլ Վալտեր Շտայնմայերը Ազարովի հրաժարականը որակել է որպես քաղաքական փոխզիջում փնտրելու մեկնակետ: