ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը` Ֆրանսիայի նախագահի հայտարարության մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով երեկ` հունվարի 27-ին, պաշտոնական այցով ժամանել էր Թուրքիա, երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո` մամուլի ասուլիսում, բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Ըստ թուրքական և ռուսական լրատվամիջոցների` Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Մասնավորապես, այս մասին հաղորդում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը:
«Նման պատմական իրադարձությունների ուսումնասիրությունը կարող է ցավալի լինել: Մենք պետք է հաշտության ուղիներ փնտրենք: Պետք է աշխատենք, որպեսզի անցյալում տեղի ունեցածի մասին իմանան»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է մեկ այլ թուրքական լրատվամիջոց` «Աքշամ» թերթը:
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ հերթական անգամ կոչ է արել «պատմությունը թողնել պատմաբաններին»:
Ինչպե՞ս է ՀՀ արտգործնախարարությունը վերաբերում Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությանը և արդյոք դրակա՞ն է այն գնահատում:
168.am-ի հետ զրույցում մեր հարցին ի պատասխան` ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Այն, ինչ Ֆրանսիայի նախագահն արտահայտել է Թուրքիայում, նրա նախընտրական խոստումներից էր: Դա նաև հաստատվել է մեր նախագահի, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի հետ պարոն Օլանդի հանդիպումների ժամանակ: Այն, ինչ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Թուրքիայում, տեղավորվում է ֆրանսիական իշխանությունների ընդհանուր քաղաքական ուղեգծի մեջ»: