
Սմարթֆոնների տարեկան վաճառքն առաջին անգամ գերազանցել է մեկ միլիարդի սահմանագիծը. IDC

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարվա արդյունքներով առաջին անգամ գերազանցել են 1 միլիարդի սահմանագիծը: Այս մասին հայտարարել է International Data Corporation (IDC) հետազոտական ընկերությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ 2013 թվականին սմարթֆոնների վաճառքն աճել է 38.4 տոկոսով և կազմել է 1.004.200.000 միավոր: Մինչդեռ 2012 թվականին սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ցուցանիշը կազմել է 725.3 միլիոն միավոր: IDC-ն ընդգծել էր, որ 2013 թվականին սմարթֆոնների վաճառքի ցուցանիշը համընկել է իր կանխատեսման հետ՝ 1.010.400.000 միավոր:
2013 թվականին բջջային հեռախոսների համաշխարհային մատակարման մեջ սմարթֆոնների բաժնեմասը կազմել է 55.1 տոկոս: 2012 թվականի ցուցանիշը կազմել է 41.7 տոկոս: Նախորդ տարի բջջային հեռախոսների ընդհանուր մատակարարումները աճել են 4.8 տոկոսով՝ կազմելով 1.821.800.000 միավոր: