
Ուկրաինան մտադիր է ԵՄ-ի հետ միասնական ավիացիոն տիրույթի մասին համաձայնագիրը ստորագրել մարտի 14-ին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան մտադիր է մարտի 14-ին ստորագրել ԵՄ-ի հետ միասնական ավիացիոն տիրույթի մասին համաձայնագիրը: Այն նախաստորագրվել էր նախորդ տարվա նոյեմբերի 28-ին՝ Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի պետական ավիածառայության ղեկավար Անատոլի Կոլեսնիկը. «Եթե համաձայնագիրը ստորագրվի մարտի 14-ին, ապա մենք կաշխատենք նորմատիվային փաստաթղթերի վրա: Անհրաժեշտ կլինի ընդունել 84 կարգավորում, որոնցից կբխի ևս 400 նորմատիվային փաստաթուղթ»:
Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը հանդիսանում է 2014 թվականին Պետական ավիածառայության հիմնական առաջադրանքը: Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև միասնական ավիացիոն տիրույթի մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2007 թվականի դեկտեմբերին: