Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ Վրաստանում ձեռնարկվելու են անվտանգության հավելյալ միջոցներ. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» պարբերականում իր հոդվածում գրել է, որ վրացի մարզիկները մեկնում են Սոչիի օլիմպիական խաղերին՝ չնայած Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը.

«Մեր փաստարկն այն է, որ սպորտի քաղաքականացման դեպքում ամենաշատը տուժելու են մարզիկները: Մենք նաև վստահ ենք, որ մեր որոշումը բարի կամքի դրսևորում է միջազգային հանրության, օլիմպիական շարժման և ռուս ժողովրդի նկատմամբ:

Եվ իհարկե մեր մասնակցությամբ մենք ընդգծում ենք Կովկասի տարածաշրջանում կայունության ու խաղաղության սկզբունքներին մեր ամուր հավատարմությունը: Ավելին, մենք ռուսական կողմին առաջարկել ենք համագործակցություն Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում:

Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Վրաստանի տարածքում ձեռնարկվելու են անվտանգության հավելյալ միջոցներ, այդ թվում նաև՝ օդանավակայաններում ու սահմանամերձ շրջաններում»: Հոդվածում Գարիբաշվիլին ափսոսանք է հայտնել Ժնևի միջազգային խորհրդակցություններում առաջընթացի բացակայության կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս