
Ճապոնիան Չինաստանի հետ վիճելի կղզիները դասագրքերում որակել է որպես «ճապոնական պատմական տարածքներ»

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ վիճելի կղզիները Ճապոնիայի միջնակարգ ու ավագ դպրոցների դասագրքերում որակվել են որպես «ճապոնական պատմական տարածքներ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի կրթության նախարար Խակուբուն Սիմոմուրան:
Խոսքը գնում է Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների մասին, որոնց հավակնում է Չինաստանը և Տոկտո (Տակեսիմա) կղզու մասին, որը Ճապոնիայի հետ վիճարկում է Հարավային Կորեան: Սիմոմուրայի խոսքերով՝ համապատասխան փոփոխությունները մտցվել են գերատեսչության մեթոդաբանական բացատրության մեջ՝ դասագրքեր կազմողների ու ուսուցիչների համար:
Նշվում է, որ դասագրքեր կազմելիս ցայժմ «ճապոնական պատմական տարածքներ» էին որակվել Կուրիլյան կղզիների միայն հարավային 4 կղզիները՝ Շիկոտան, Իտուրուպ, Կունաշիր և Հաբոմաի, որոնց շուրջ Ճապոնիան տարածքային վեճի մեջ է Ռուսաստանի հետ: