
ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Կիևում ընդդիմության կողմից կառավարական հիմնարկների գրավումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության պահպանմանը՝ նպատակ հետապնդելով դադարեցնել բռնություններն ու կարգավորել երկրում տիրող իրավիճակը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ուկրաինայի զարգացումները:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է ընդդիմության կողմից Կիևում կառավարական մի շարք հիմնարկների գրավումը և հակամարտող երկու կողմին՝ կառավարական ուժերին ու բողոքի ակցիայի մասնակիցներին, կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից:
Պսակին հավելել է, որ Վաշինգտոնն ուշադրություն է դարձնելու Ուկրաինայի խորհրդարանի առաջիկա հատուկ նիստին և հուսով է, որ պատգամավորները չեղյալ կհայտարարեն հունվարի 16-ի օրենքները, որոնք բողոքի ալիք բարձրացրին հասարակությունում: