Թուրքիայում բոլորն են ընդունում իշխանական շրջանակներում կոռուպցիայի առկայության փաստը. Գյուլեն
ВВС-ին տված հեռուստահարցազրույցի ժամանակ Ֆեթհուլլահ Գյուլենը հայտարարել է, որ շահի ղեկավարման ժամանակ նրա շրջապատի մարդիկ սխալ տեղեկություններ են հաղորդել տիրակալին, և որ նույն բանը տեղի է ունենում իրենց ընկերոջ հետ:
Նշվում է, որ Գյուլենը 16-ամյա ընդմիջումից հետո իր տված առաջին հեռուստահարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայում ստեղծված իրավիճակը և երկրում տեղի ունեցող անցուդարձերից վարչապետ Ռեջեփ Էրդողանի իրազեկվածության աստիճանը:
Հարցազրույցի ժամանակ Գյուլենն ակնկարկել է, որ հնարավոր է՝ համաձայնության կգա Թուրքիայի գործող կառավարության հետ: Նա նաև ընդգծել է, որ դեմ չէ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություններին:
Պատասխանելով Թուրքիայի իշխանական շրջանակներում կոռուպցիայի մասին հարցին՝ Գյուլենը հայտարարել է, որ բոլորն ընդունում են կոռուպցիայի առկայության փաստը՝ սկսած հասարակ մարդկանցից, վերջացրած ընտրանու ներկայացուցիչներով.
«Ոչ ոք ի զորու չէ փոխել այդ փաստը: Դեռևս 8-10 ամիս առաջ հետախուզությունը տեղեկացրել է իշխանական վերնախավում կոռուպցիայի առկայության մասին: Այդ մասին գրել է մամուլը, ինչը հաստատվել է կառավարության կողմից: Ազգային հետախուզությունը գտնվում է հենց վարչապետի ուղիղ ենթակայության ներքո»: