Զարմացնող ստրկամտություն

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության արագ տեմպերը շարունակում են զարմացնել Ռուսաստանին»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Նման հայտարարության համար առիթ է հանդիսացել անցած շաբաթ օրը ՀՀ կառավարության կողմից Մաքսային միության և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի գործողությունների ժամանակացույցի հաստատումը:

Վոլինկինն ասել է, որ իրենք շարունակում են զարմանալ, քանի որ, «անկեղծ ասած, չէին սպասում, որ Հայաստանն այսպես արագ կշարժվի դեպի Մաքսային միություն»։ «Հայաստանը 7 մղոնանոց քայլերով առաջ է շարժվում, միությանը վերջնական անդամակցության ամսաթիվ չեմ կարող ասել, ամեն ինչ ընթացքից է կախված, խնդիրներ, իհարկե, կան, դրանք լինում են լուծվող և չլուծվող,  Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր խնդիրները լուծելի են»,- հայտարարել է դեսպանը։

Այսպիսով, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, առանց ավելորդ ձևականությունների, հայտարարում է, որ Հայաստանը «յոթմղոնանոց քայլերով» զիջում է իր ինքնիշխանությունը, քանի որ նույն դեսպանն առնվազն մի քանի անգամ նույնքան ուղղակի հայտարարել է, որ անդամակցել Մաքսային միությանը՝ նշանակում է՝ ինչ-որ չափով զիջել սուվերենությունը: Ռուսական դեսպանի զարմանքից կարելի է, իհարկե, վրդովվել, ափերից դուրս գալ, այն որակել՝ որպես Հայաստանին ծաղրելու հերթական քայլ: Իրականում, սակայն, զարմանքի  ու վրդովմունքի են արժանի ոչ թե Ռուսաստանի դեսպանն ու նրա ներկայացրած պետությունը, այլ ՀՀ իշխանությունները, ովքեր, փաստորեն, կամավոր կերպով ցանկանում են օր առաջ նաև դե յուրե ամրագրել Հայաստանի ինքնիշխանության կորուստը:

Ու Վոլինկինի այս հայտարարությունն, ըստ էության, նաև որոշակիորեն հայ հանրությանն ուղղված մեսիջ է առ այն, որ Հայաստանի ռուսիֆիկացման համար պետք է մեղադրել ոչ միայն ու ոչ այնքան՝ Ռուսաստանի, որքան՝ Հայաստանի իշխանություններին, որոնք նույնիսկ չեն էլ փորձում օգտագործել ստեղծված առիթները՝ անդամակցության գործընթացը ձգձգելու համար, այլ սլանում են դեպի ՄՄ «7 մղոնանոց» քայլերով: Իսկ նման առիթներ ստեղծում են նույն Ռուսաստանի իշխանությունները:

Դրանցից մեկն էլ ՌԴ-ի կողմից միգրացիոն օրենքների խստացումն է, ինչից հետո Ռուսաստանի տարածքում առանց վիզայի գտնվող քաղաքացիները երեք ամսից ավելի չեն կարող մնալ։ Դա, բնականաբար, վերաբերում է նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ-հազարավոր ՀՀ քաղաքացիներին, որոնց նկատմամբ, ինչպես այսօր ևս մեկ անգամ հայտարարել է ՌԴ դեսպանը, որևէ բացառություն չի արվելու: Այս առիթը կարող էր օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացը գոնե դանդաղեցնելու ու ՀՀ քաղաքացիների համար բացառություն «պոկելու համար»:

Առավել ևս, որ ՄՄ-ին անդամակցության որոշման հիմնավորումների թվում ամենածանրակշիռը համարվում էր այն, որ դա արվել է նաև հանուն ՌԴ-ում ապրող ու աշխատող մեր հայրենակիցների:

ՀՀ քաղաքացիներն այլևս կորցրել են իշխանության որևէ քայլից զարմանալու ռեսուրսը: Հանրային գիտակցությունը վաղուց շարժվում է «Այս իշխանությունն ընդունակ է ամեն ինչի» սկզբունքով: Նորմալ հասարակություններում դրա համարժեք պատասխանը պետք է լինեին նման իշխանությանն օր առաջ հեռացնելուն ուղղված քայլերը, ինչի ականատեսն ենք այսօր Ուկրաինայում: Բայց մեր հասարակությունը կորցրել է նաև այդ ռեսուրսը, ինչը ոչ միայն զարմացնում է հանուն իշխանության պահպանման՝ առանց բացառության, ամեն ինչի պատրաստ իշխանություններին, այլև մղում է՝ զարմանքի շարունակական պահեր պարգևել Ռուսաստանին:

Հենց Ռուսաստանն է այլևս համարվում Հայաստանի իշխանության միակ ու անփոխարինելի աղբյուրը: Հետևաբար՝ նրան պետք է ոչ միայն ծառայել, գոհացնել, այլև ժամանակ առ ժամանակ զարմացնել: Բռնապետերը սիրում են նաև զվարճանալ: Հատկապես, որ զվարճացնում են իրենց հպատակ այլ ազգերի վերակացուները:

Տեսանյութեր

Լրահոս