Սիրիայի կառավարության մի շարք անդամներ կարող են ներառվել անցումային կառավարության կազմում. ընդդիմություն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի ներկայացուցիչ Մոնզեր Ակբիկը Ժնևում լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Սիրիայի ներկայիս կառավարության մի շարք նախարարներ կարող են ներառվել անցումային կառավարության կազմում.
«Երկու կողմն էլ՝ ներկայիս վարչակարգը և մենք, պետք է համաձայնության հասնենք անցումային կառավարության կառուցվածքի ու անձնակազմի մասին: Նրանք, ովքեր գործել են մարդկության դեմ հանցանքներ, անընդունելի են:
Սակայն Սիրիայի կառավարության կազմում կան նաև այնպիսիք, ովքեր չեն իրականացրել մարդկության դեմ հանցանքներ: Նրանք կարող են մասնակցել անցումային կառավարության աշխատանքներին»:
Շվեյցարիայում շարունակվում են Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցությունները: Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը երեկ ռուսական գործակալությանը հայտնել է, որ Սիրիայի կառավարության պատվիրակությունը մտադիր չէ քննարկել անցումային կառավարության ստեղծման հարցը: