
Մայդանում ժողովրդին կցրեն ռուսական հատուկ նշանակության ջոկատները` «Բերկուտի» համազգեստով. ընդդիմություն

Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունից ժողովրդական պատգամավոր Անդրեյ Պարուբինը հայտարարել է, որ տեղեկատվություն է ստացել ռուսական հատուկջոկատայինների` Ուկրաինա ժամանման մասին:
«Տեղեկություններ կան, որ օդանավակայաններում վայրէջք են կատարում ռուսական հատուկջոկատայինները, որոնք «Բերկուտի» համազգեստով կմտնեն Մայդան»,-հայտարարել է Պարուբինը: Նա ավելացրել է, որ ակտիվիստները ստուգում են այդ տեղեկությունները, հաղորդում է УНИАН գործակալությունը:
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատունը սակայն հերքել է այդ տեղեկությունները: Դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ տեղեկատվությունն «ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը եւ սադրիչ բնույթ ունի»:
Նշենք, որ այսօր Եվրամայդանում ժողովրդական վեչեն հետաձգվել էր` զոհված ակտիվիստ Միխայիլ Ժիզնեւսկու հրաժեշտի արարողության պատճառով: