
Յացենյուկը դեռ վերջնական որոշում չունի` կընդունի վարչապետի պաշտոնն ստանձնելու առաջարկը, թե ոչ

Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ուկրաինական ընդդիմությունն առայժմ չի ընդունել, բայց չի էլ մերժել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկը, հաղորդում է «Газета.Ru»-ն: Հիշեցնենք, որ ընդդիմության առաջնորդների հետ հանդիպմանը Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել էր վարչապետի, իսկ Կլիչկոյին`փոխվարչապետի պաշտոնը:
«Եթե մենք հրաժարվենք, մեզ կմեղադրեն նրանում, որ առաջարկեցին իշխանություն, հնարավորություն տվեցին Ուկրաինան տանել դեպի Եվրոպա, բայց մենք մերժեցինք դա: Եթե մենք ընդունենք այն, ապա կառավարությունն ու քաղաքացիները մեզ կմեղադրեն դավաճանության մեջ, եւ այդպիսով մարդիկ չեն հասնի նրան, ինչի ձգտում էին», նշված է Յացենյուկի հայտարարության մեջ, որը տեղադրվել է նրա կուսակցության կայքում:
Նա նշել է, որ ընդդիմությունը «հրճվանքի մեջ չէ» Յանուկովիչի առաջարկից, քանի որ այդ առաջարկով Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է ներքին խնդիրների պատասխանատվությունը դնել եվրաինտեգրացիայի կողմնակիցների վրա: Ֆեյսբուքյան իր էջում Յացենյուկն ավելացրել է, որ վարչապետության հարցը դնելը կոռեկտ չէ. «Դա պետք է լինի Մայդանի, ոչ թե Յանուկովիչի որոշումը»: