Բաժիններ՝

Փետրվարի 2-ին Ազատության հրապարակում կնշվի Շանթի ծննդյան տարեդարձը. Շանթի կինը` նրա ֆիզիկական և հոգեկան վիճակի մասին

Թեև անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը փետրվարի 3-ին է, սակայն փետրվարի 2-ին Ազատության հրապարակում խորհրդանշական կերպով կնշվի նրա ծննդյան տարեդարձը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը:

«Կնշենք Շանթի և Հայաստանի մյուս քաղբանտարկյալների ծննդյան տարեդարձը: Միջոցառումը կսկսվի ժամը 13-ին, որի ընթացքում կհնչի նաև Շանթ Հարությունյանի ուղերձը, որը նոր բան կլինի: Դա արդեն Շանթը կորոշի»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ փորձել էր Երևանի Մաշտոցի պողոտայով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել նրանց՝ շարունակել երթը, տեղի էին ունեցել բախումներ, և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի ներկայիս ֆիզիկական ու հոգեբանական վիճակին՝ Ռուզաննա Բադալյանը նշեց, որ տեսակցության արգելանքը հանելուց հետո երկու անգամ արդեն տեսակցել է ամուսնուն: Վերջին անգամ Շանթին հարազատները տեսել են հունվարի 20-ին:

«Օրենքով տեսակցություններ թույլատրված են ամիսը երկու անգամ, և մենք երկու անգամ էլ տեսակցել ենք: Նա ֆիզիկապես շատ թույլ է դեռ, հյուծված, քանի որ ունի երիկամների խնդիր։ Որոշ ժամանակ հետո վստահ եմ, որ նրա առողջական վիճակը կվերականգնվի, բայց կարևորը հոգեպես շատ ամուր է ու անզիջում: Նա չի զղջում իր արածների համար, շարունակում է մտածել այնպե ինչպես մտածում էր մինչև բանտարկությունը: Նրա համոզմունքները չեն փոխվել»,-նշել է Շանթի կինը:

Ռուզաննա Բադալյանն ընդգծեց, որ Շանթ Հարությունյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ միայն հեղափոխության միջոցով Հայաստանը կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:  «Նա վստահ է՝ եթե 3000-5000 հոգի, ամուր տղամարդիկ դուրս գան փողոց՝ գիտակցելով, թե ինչ քայլի են գնում, Հայաստանում իշխանությունը թղթե տնակի պես կփլվի: Այս երեք ամիսների ընթացքում նրա բանտարկությունը, հացադուլը, մեկուսացումը ոչ մի կերպ չեն ազդել նրա գաղափարների վրա և չեն սասանել նրա համոզմունքները»,-ընդգծել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս