
Եվրոպարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում

Հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում կկայանա ՀՀ Եվրոպարտատոմսերի ցուցակման արարողությանը: Բորսայի լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ արարողությանը ներկա են լինելու նաև ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ-ի պաշտոնյաներ:
«Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թողարկման պահից ի վեր եվրոպարտատոմսերը շրջանառվում են արտերկրում, մասնավորապես, կան Բլումբերգ համակարգում. «Մեզ մոտ կատարվում է դեպոզիտարիաների ինտեգրումը, և արդեն գործարք կատարվել է ՀՀ-ում»:
«Եվրոպարտատոմսերը դրական ազդեցություն ունեցան ՀՀ ներքին պարտքի վրա այն առումով, որ որոշ ժամկետայնության պարտատոմսերի դեպքում մինչև 5-5.5% տոկոսադրույքների նվազում տեղի ունեցավ: Դա նշանակում է, որ պարտատոմսերի նոր թողարկումների դեպքում պետությունը կարող է ավելի քիչ տոկոսով թողարկել, այսինքն՝ ավելի քիչ վճարել ներքին պարտատոմսերի դիմաց»: