Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի խոսքն ուղղակիորեն մեսիջ է Սահմանադրական դատարանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհաբյանը չի հավատում, որ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 28-ին կկասեցնի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը: Այս մասին նա ասաց 168.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն որոշում կայացրեց ժամանակավորապես` մինչև գործի վերաբերյալ դատաքննության ավարտը, կասեցնել այդ օրենքի` պարտադիր բաղադրիչ պարունակող դրույթները:
ՍԴ-ի այս որոշման մասին Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, որ դեռևս վաղ է ասել, թե կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի առումով խնդիրը լուծվել է:
Մեր հարցին՝ արդյոք իր համար անսպասելի՞ էր այդ որոշումը, նա պատասխանեց. «Ինձ համար անսպասելի է այն հրճվանքը, որը երեկվա որոշումից հետո տիրում է տարբեր քաղաքական ուժերի մոտ, տարբեր քաղաքական գործիչներ սա համարում են աննախադեպ որոշում, ողջունում են Սահմանադրական դատարանի խիզախությունը: Այս համատարած հրճվանքն ինձ համար հասկանալի չէ: Մոտավորապես նույն բանն է, որ դու գնաս խանութ՝ ինչ-որ բան գնելու և ողջունես, որ վաճառողը բարեկիրթ ձևով է քեզ սպասարկել և ապրանքը չի տվել քո գլխին:
ՍԴ-ն կատարել է իր պարտականությունը: Երբ ՍԴ-ն այս բացահայտ հակասահմանադրական օրենքն իր որոշմամբ կճանաչի հակասահմանադրական, այդ ժամանակ ես կլինեմ առաջինների շարքում, որ կհայտարարեմ` նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՍԴ-ն ոչ թե պետպատվեր կատարեց, այլ կանգնեց ժողովրդի կողքին»:
«Սա ընդամենը երկամսյա դադար է, մարտի 28-ին կտեսնենք` հարցը կլուծվի, թե ոչ: Եվ թող ես լինեմ այս երկրի վերջինը վատատեսը կամ, միգուցե, իրատեսը, բայց ես չեմ հավատում, որ մարտի 28-ին այս Սահմանադրական դատարանը կկանգնի ժողովրդի կողքին»,- ավելացրեց տիկին Զոհրաբյանը:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք Նաիրա Զոհրաբյանը ՍԴ-ին ուղղորդելու փորձ համարո՞ւմ է ՀՀ Սերժ Սարգսյանի երեկվա տեսակետը` կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:
«Սա առաջին դեպքը չէ. եթե չեմ սխալվում մեկուկես ամիս առաջ ևս Հանրապետության նախագահը հայտնել է իր տեսակետն այս «ռեֆորմի» վերաբերյալ: Այնպես որ, իհարկե, սա ուղղակիորեն մեսիջ է Սահմանադրական դատարանին, և տեսնենք` ինչպես Սահմանադրական դատարանը կվերաբերի այդ հստակ, բացահայտ մեսիջին»,- ի պատասխան ասաց Ն. Զոհրաբյանը: