Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է Սահմանադրական դատարանի «խայտառակ, խուժան» որոշումները
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ` հունվարի 24-ին, կայացած աշխատակարգային նիստում, որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` պարտադիր բաղադրիչ պարունակող դրույթների կիրառումը` մինչև օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը, որը կկայանա 2014 թ. մարտի 28-ին:
Արդյոք ՍԴ-ի այս որոշումն անսպասելի՞ էր օրենքի սահմանադրականությունը վիճարկած քաղաքական ուժերի համար:
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ինձ համար ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել, որովհետև Սահմանադրական դատարանն, ըստ էության, գործ չի քննել և վճիռ չի արձակել: Ընդամենը կասեցրել է պատասխանատվություն ենթադրող դրույթի գործողությունը` ստեղծելով ժողովրդավարության պատրանք»:
«Ժառանգության» ներկայացուցիչը գտնում է, որ ՍԴ-ի որոշումների հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ ու պատվեր: Իր տեսակետը նա հիմնավորեց քաղաքական վերլուծությամբ` նշելով, որ այդ քայլի նպատակը ծավալված շարժման թուլացումն ու հասարակության զգոնությունը բթացնելն է:
«Հետաձգման դեպքում շատ մարդիկ հրատապ չեն համարելու դրա դեմ պայքարը, այսինքն` սա է հաշվարկը: Եվ, կարծես թե, հետաքրքիր շախմատային քայլ է արված` քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների հարաբերությունները փչացնելու առումով, որովհետև իշխանությունը կարծես սրանով հարվածում է քաղաքական ուժերի այն ակնկալիքին, որ այս խնդրի շուրջ համախմբումը կարող էր հարթակ դառնալ ավելի լայն քաղաքական պրոցեսի համար,- ասաց Ս. Սաֆարյանը:- Այսինքն` Սահմանադրական դատարանը բառացիորեն քաղաքականություն է անում, որքան էլ թաքցնի դա»:
Ս. Սաֆարյանն այս համատեքստում անդրադարձավ նաև հարցի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետին: Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանն այցելել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և խոսելով «կենսաթոշակային համակարգի բարեփոխումների» մասին` նախարարին և աշխատակիցներին հորդորել էր շարունակել իրազեկումը և մարդկանց բացատրել այդ բարեփոխման էությունը, նշանակությունն ու նպատակները:
«Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու»,- մասնավորապես ասել էր Ս. Սարգսյանը:
Մեր հարցին` արդյոք կարելի՞ է ասել, որ սրանով Սերժ Սարգսյանը փորձում է ուղղորդել ՍԴ-ին, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ակնկալիք ունենալ Սահմանադրական դատարանից, եթե ես տեսել եմ նրա որոշումները` տարբեր ընտրությունների հետ կապված, երբ ուղղակիորեն աչք է փակել բոլոր կեղծիքների ու փաստերի վրա, բայց պարտադրված որոշումներ է կայացրել: Ես չեմ կարող մոռանալ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՍԴ-ի խայտառակ, խուժան որոշումը և գազային համաձայնագրերը սահմանադրական համարելու ՍԴ-ի որոշումները: Դրանք ՍԴ-ի ամոթն են, հետևաբար, այդպիսի Սահմանադրական դատարանը չի կարող ազատ, անկաշկանդ և պրոֆեսիոնալ լինել: Այն, ինչ նա հիմա անում է, իմացեք, որ խաղ է»:
Իսկ հարցին, թե ի՞նչ ընթացք է կանխատեսում գործով դատաքննության վերաբերյալ, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն արդեն ասել է, թե ինչ որոշում է լինելու»: