
Բելգիայում ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը կալանավորվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը երեկ Բելգիայից տեղեկություններ է ստացել, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել: Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ «Հրապարակ» օրաթերթը փորձել է հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: Ի զարմանս «Հրապարակ» թերթի, Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ են փոխանցել: Մասնավորապես այն, որ Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի և հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլև փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել և տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել: «Հրապարակին» պատմել են, որ Վիրաբյանը նաև պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով. Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին: Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել: Վիրաբյանը, հիշեցնում է «Հրապարակը», ՀԺԿ անդամ էր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ: ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած դեպքերից հետո, երբ Բաղրամյան պողոտայի նստացույցը բռնի ուժով ցրվել է ապրիլի 23-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։
Ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։