
Սամվել Կարապետյանը 100 միլիոն դոլարով Մոսկվայում գնել է լքված ջրաշխարհ

Ամերիկյան Forbes պարբերականի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը գնել է Մոսկվայի հարավ-արևմուտքում ընկած բազմահարկ ջրաշխարհը, որում նկարահանվել են «Բրիգադա» հեռուստասերիալի վերջին սերիաները: Նշվում է, որ շենքը գտնվում է լքված վիճակում, նրա կառուցումը բավական երկար ժամանակ է, ինչ չի ավարտվում:
«Տաշիրի» փոխնախագահ Իգոր Բուլատովը հայտարարել է, որ շենքը գնվել է 100 միլիոն դոլարով՝ հավելելով, որ այն վաճառել է «ներդրողների խումբը»: Ջրաշխարհով բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը սառեցվել է դեռևս 2001 թվականին: Համալիրի տարածքը կազմում է 45.000 քառակուսի մետր: Շենքն 9 հարկանի է:
Մոսկվայի անշարժ գույքի կենտրոնական բորսայի կառավարիչ Արտյոմ Ցոգոևը հայտարարել է, որ 45.000 քառակուսի մետր տարածքով անավարտ կառույցի համար 100 միլիոն դոլարը թվում է չափազանց մեծ գումար, սակայն եթե «Տաշիրին» հաջողվի քաղաքային իշխանությունների հետ համաձայնության գալ դրա քանդման և դրա տեղում նոր, ավելի մեծ տարածքով շենքի կառուցման շուրջ, ապա գինը կլինի ադեկվատ:
Իգոր Բուլատովը հաստատել է, որ իրենք մտադիր են քանդել կիսակառույց այդ շինությունը: Ջրաշխարհի փոխարեն Սամվել Կարապետյանի (Forbes-ի վարկանիշային աղյուսակում 29-րդ տեղ) ընկերությունը պլանավորել է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ առևտրային ու գրասենյակային հատվածներով, ինչպես նաև բնակարաններով: Ապագա շինության ընդհանուր տարածքը կազմելու է 125.000 քառակուսի մետր: Պլանավորված է դրա կառուցումն ավարտել 2015 թվականին: