Բաժիններ՝

«Ոստիկանի տեսակը լղոզել եք». Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ, լուսանկարներ)

Հունվարի 24-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնկան կայքը:

Ներկայացնելով վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է Շիրակի ոստիկանների աշխատանքում տեղ գտած թերությունները:

Վլադիմիր Գասպարյանը նախանշել է այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործունեության բարեփոխումը, մասնավորապես՝ մասնագիտական պարտականությունների լիարժեք իրականացում, կատարողական կարգապահության բարձրացում, հասարակություն-ոստիկանություն կապի իրական ամրապնդում, անհանդուրժողականություն կլանային մտածողության ու իրենց օրենքից վեր դասողների հանդեպ, և ամենագլխավորը՝ անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում:

Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ոստիկանի հեղինակության, ոստիկանի պատվախնդրության և արժանապատվության գերակա նշանակությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման, այլև հասարակության հավատին ու վստահությանն արժանանալու, բուն հանրային մթնոլորտի առողջացման գործում:

Անդրադառնալով ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և ընդգծելով, որ համակարգի վերափոխումն ու բարոյական նորոգումն այլընտրանք չունեն՝ ոստիկանության պետը նշել է այն խոչընդոտները, որոնք դանդաղեցնում են այդ ընթացքը:

Խորհրդակցությունից հետո ոստիկանության պետը սպառիչ պատասխաններ է տվել լրագրողների հարցերին և անդրադարձել մասնավորապես Գյումրիում տիրող մթնոլորտի որոշակի դրսևորումներին:

Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը հանդիպում է ունեցել մարզպետարանում: Մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետը և համայնքների ղեկավարներ:  Ոստիկանության պետը ներկայացրել է իր այցի նպատակը, ապա անդրադարձել ոստիկանության խնդիրներին ու ծրագրերին, որոնց իրագործումը պահանջում է ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հանրության աջակցությունը:

Փաստելով անպատժելիության մտայնությունն արմատախիլ անելու հրատապ անհրաժեշտությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է իրական քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրը՝ բարեպաշտ, օրինահարգ, սրտացավ քաղաքացիների հասարակություն, որի համար անհանդուրժելի են անտարբերությունը, ապաքաղաքացիական կեցվածքը, տեղայնությունը, զանազան կեղծ հասկացությունների տուրք տալը, ինչն այսօր, ցավոք, կա և հաճախ խանգարում է ոստիկանությանը՝ կատարելու իր խնդիրը:

Հանդիպման մասնակիցներին համատեղ աշխատանքի կոչ անելով՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ 2014 թվականը լինելու է բեկումնային տարի:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին այցի, առարկայական ու շահագրգիռ հանդիպման համար և հավաստիացրել է, որ ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ու մարզի բնակչության փոխգործակցությունը կկայանա ու կտա ցանկալի արդյունք:

Մանրամասները` տեսանյութում:

vova4

vova5

vova2

vova3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս