
Արմեն Մարտիրոսյան. Իշխանությունները որոշել են մարել քաղաքացիների դժգոհության ալիքը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար սպասելի էր, որ Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ քաղաքական որոշում է կայացնելու: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը մինչև դատաքննության ավարտը:
«Հաշվի առնելով այն, որ քաղաքացիները պայքարի են դուրս եկել, իշխանությունները, կարծում եմ, որոշել են մարել քաղաքացիների դժգոհության ալիքը մինչև դատաքննության ավարտը՝ մարտի 28-ը: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե քաղաքացիներն ինչպես հետագայում կդրսևորեն իրենց: Եթե շարունակեն պայքարել, որպեսզի վերջնական լուծում լինի, չեմ բացառում, որ ՍԴ-ն վերջնականապես ոչ սահմանադրական ճանաչի օրենքը: Հակառակ պարագայում կասեցումը կարող է լինել շարժումը թմրեցնելու միջոց»,- նշեց նա:
Ըստ նրա՝ ՍԴ որոշման հիմքում շարժումը թուլացնելու ձգտումն է ընկած եղել: Ա. Մարտիրոսյանը նշեց, թե իշխանությունը ՍԴ որոշմամն չի ցանկացել մեծացնել քաղաքացիների շրջանում առկա առանց այդ էլ մեծ դժգոհության, բողոքի դաշտը: