Բաժիններ՝

Արա Զոհրաբյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որով վերջինս խնդրել էր ստանալ երկու էլեկտրոնային փոստերի արկղերի պարունակության մասին տեղեկություններ. այդ փոստերը պատկանում են փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Պետրոսյանին: Իր դիմումում Արա Զոհրաբյանը նշել է, որ փաստաբան Կարեն Պետրոսյանի էլեկտրոնային փոստի տեղեկություններն անձեռնմխելի են։

Ըստ Ա. Զոհրաբյանի՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել: Դիմում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Վարդազարյան,

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը 24.01.2014թ. դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, տեղեկացնելով, որ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2013թ. թիվ ԵԿԴ/0070/08/13 որոշմամբ որոշվել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի պետի տեղակալ Ա.Բայադյանի միջնորդությունը բավարարել՝ թիվ 59102509 քրեական գործով թույլատրել քննիչին համապատասխան ինտերնետ կայքի ադմինիստրացիայից ստանալ 01.01.2009թ. մինչև 01.01.2011թ. ընկած ժամանակահատվածում «[email protected]» և «[email protected]» կայքերի էլեկտրոնային փոստերի արկղերի պարունակության վերաբերյալ տեղեկություններ։

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ երրորդ վարչության պետը 22.01.2014թ. դիմել է «Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊԸ տնօրեն Արտաշես Կակոյանին խնդրելով տրամադրել «[email protected]» էլեկտրոնային փոստային արկղում պահպանված էլեկտրոնային նամակագրությունը։

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հայտնել է, որ «[email protected]» և «[email protected]» էլեկտրոնային փոստերը պատկանում են փաստաբան Կարեն Պետրոսյանին։

Գտնում ենք, որ նշված էլեկտրոնային փոստի մասին տեղեկությունները չեն կարող տրամադրվել ՀՀ ոստիկանությանը, հետևյալ պատճառաբանությամբ.

Կարեն Պետրոսյանը հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (արտոնագիր 854) «Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն, իսկ փաստաբան Կարեն Պետրոսյանը հանդիսանում է այդ կազմակերպության աշխատակիցը (ըստ պալատի տեղեկությունների): Այս պայմաններում, ՀՀ ոստիկանությունը հավակնում է ստանալ փաստաբանի էլեկտրոնային փոստում գտնվող տեղեկություններ։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Վերոգրյալից ելնելով ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է, որ փաստաբան Կարեն Պետրոսյանի էլեկտրոնային փոստի տեղեկություններն անձեռնմխելի են։

Դատարանն օբյեկտիվորեն կարող էր չիմանալ, որ պահանջվում է փաստաբանի էլեկտրոնային փոստից տեղեկություններ, քանի որ նախաքննության մարմինը չի հայտնել դատարանին այդ մասին։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

Վերոգրյալի հիման վրա Ձեզ է հասցեագրվում փաստաբան Գիվի Հովհաննիսյանի դիմումն ի տնօրինություն։

Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջն առ այն, որ ընդհանուր իրավասության դատարանի նախագահը ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, խնդրում եմ քննարկում կազմակերպել՝ նախաքննության մարմնի կողմից հետագայում փաստաբանների մասին տեղեկություններ պահանջելու հնարավորությունը բացառելու հարցով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս