
Միքայել Մելքումյանը՝ ՍԴ որոշման մասին. ժամանակից շուտ խանդավառվել, ոգևորվել պետք չէ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը ոչ միայն իրավական հիմք ունի, այլև՝ քաղաքական:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
«Որոշման կայացման հարցում, իհարկե, շատ կարևոր էր հանրային ու քաղաքական լուրջ ճնշման հանգամանքը: Որոշումը մեկ բան է ապացուցում՝ քաղաքական ուժերը պետք է էլ ավելի մոբիլիզացվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը:
Նա շեշտեց, թե ինքը օրենքի ժամանակավոր կասեցմամբ «խանդավառված չէ», քանի որ սպասում է գործի դատաքննությանը, որը տեղի կունենա մարտի 28-ին: ԲՀԿ-ական պատգամավորը նաև նկատեց. «Եթե ուշադրություն դարձնեք՝ կտեսնեք, որ կասեցված են ոչ բոլոր կետերը և սա չի նշանակում, որ օրենքը չի գործում: Գրված են կոնկրետ հոդվածներ, թե որոնք չեն գործում»:
Ըստ նրա՝ օրենքը պետք է նորից քննարկել. «Ուշ չէ դեռևս նորից քննարկելու համար: Պետք է այս կասեցված ժամանակահատվածը օգտագործել՝ լրացուցիչ հանրային լուրջ քննարկումներ անցկացնելու համար: Եթե հանրությունը և քաղաքական չորս ուժերը շարունակեն ճիշտ, արդյունավետ պայքարը, անպայման որոշակի արդյունքի հասնելու ենք, բայց ժամանակից շուտ խանդավառվել, ոգևորվել պետք չէ, եկեք սպասենք դեպքերի ընթացքին»:
Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ ժամանակավոր կասեցման մասին ՍԴ ընդունած որոշումը շարժումը մարելու միտում ունի, Միքայել Մելքումյանը բացասական պատասխան տվեց. «Հակառակը, ես կարծում եմ, որ սա ուժեղացմանն է ուղղված, որովհետև եթե որևէ արդյունքի չես հասնում, այդ ժամանակ է հուսահատություն լինում: Սա միջանկյալ բարձունք է, որը թույլ է տալու ավելի մեծ համախմբում»:
Հարցին, թե իշխանությունը զիջե՞ց իր դիրքերը քաղաքական-քաղաքացիական շարժման առաջ, ԲՀԿ-ական պատգամավորը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել՝ զիջե՞ց, թե՞ չզիջեց, համենայնդեպս, կարծես պաուզա վերցրեց»: