Բաժիններ՝

Տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ հաստատվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Նշվեց, որ ՊՈԱԿ-ի 2013թ. փաստացի մուտքերը կազմել են 402,7 մլն դրամ, որից 232,4 մլն դրամը` պետբյուջեից, 180,2 մլն դրամը` ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են:

Անդրադարձ եղավ նաեւ «Սեւան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի  կողմից  համայնքային բյուջեների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման հարցին, ինչպես նաեւ պարտավորությունների չափի ճշգրտման խնդիրներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առկա բոլոր խնդիրները, կփորձի գործող օրենսդրության շրջանակում գտնել դրանց իրավական կարգավորումները եւ  համապատասխան լուծումներ կառաջարկի կառավարությանը` խնդիրները վերջնականորեն  կարգավորելու վերաբերյալ: Փոխվարչապետը միաժամանակ կարեւորեց  համայնքների  նկատմամբ ֆինանսական պարտավորությունների ամբողջական կատարման հանգամանքը:

Խորհուրդը քննարկեց եւ հաստատեց նաեւ ՊՈԱԿ-ի 2014թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը:  Փաստաթղթով ընդամենը եկամուտները ծրագրված են 371,5 մլն դրամի չափով, որից  225,2 մլն դրամը պետական հատկացումներն  են, 150 մլն դրամը`  ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ակնկալվող միջոցները: Նախորդ տարվա համեմատ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցների նվազումը ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը բացատրեց  մի շարք  պայմանագրերի լուծմամբ:  Պայմանավորվածություն ձեռք բերվեց  նաեւ, որ խուրհուրդը  2014թ. երկրորդ կիսամյակի սկզբին կքննարկի  նախահաշվով պլանավորված ցուցանիշների  կատարողականը, եւ անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կկատարվեն:

Նիստում տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը ներկայացրեց  «Սեւան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ 2013թ. դեկտեմբերի 26-ի կառավարության  N1508  որոշմամբ կատարված փոփոխությունները, համաձայն որոնց ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի լիազորությունները ընդլայնվում են, որոշ ընթացակարգեր պարզեցվում են:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս