Բաժիններ՝

Սամվել Հարությունյանը պետք է ապացուցի, որ Սուրիկ Խաչատրյանը կրակել է Արևիկ Միրզոյանի վրա

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետի գործով այսօրվա նախնական դատական նիստում դատարանը հաստատել է հայցվորի ու պատասխանողի կողմից ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակը: Հայցվոր Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը պետք է հիմնավորի, որ  2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում առկա արտահայտությունները հրապարակային են արվել, որ դրանք արատավորող բնույթ են կրել և որ հայցվորն այդ հրապարակման մասին իմացել է հայցադիմում ներկայացնելուց մեկ շաբաթ առաջ՝ հայցը դատարան է ներկայացրել վիճահարույց հոդվածի հրապարակումից մեկ ամիս անց:

Մինչդեռ, ըստ  օրենքի, զրպարտության վերաբերյալ հայցը կարող է դատարան ներկայացվել հայցվորին այդ մասին հայտնի դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում:  Իսկ պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը պետք է ապացուցի, որ հրապարակման մեջ նշված փաստերը համապատասխանում են իրականությանը:

Մ.Շուշանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Քաղաքացիական օրենսգիրքը վիրավորանքի ու զրպարտության գործերով վիճարկվող փաստերի ապացուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:  «Գործում առկա է կանխավարկածը, որ նման փաստեր իրականության մեջ տեղ չեն գտել, քանի դեռ պատասխանողը չի ապացուցում հակառակը: Այսինքն՝ եթե պատասխանողն ասում է, որ Սուրիկ Խաչատրյանը կրակել է Արևիկ Միրզոյանի վրա կամ որ Սուրիկ Խաչատրյանը կրակել է Անուշավան Առուշանյանի վրա, զրպարտության վերաբերյալ գործերի շրջանակում համարվում է, որ Ս.Խաչատրյանը նման գործողություններ չի կատարել՝ մինչև Սամվել Հարությունյանը չապացուցի, որ կատարել է»,- ասել է Մուշեղ Շուշանյանը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, փետրվարի 25-ի նախնական դատական նիստում կողմերը կներկայացնեն ապացույցներ, ինչպես նաև միջնորդություններ՝ ապացույցներ պահանջելու վերաբերյալ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս