Հաջորդ ընտրություններում կհաղթի կամ ԲՀԿ թեկնածուն, կամ նա, ում ԲՀԿ-ն կսատարի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ծանոթ չէ խոսակցություններին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ միասնական ընդդիմության առաջնորդ: «Ես նման բան չեմ լսել, նման որոշում չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը: Ինչ վերաբերում է առհասարակ ընդդիմության միավորմանը, ապա Լյովա Խաչատրյանը դրա նախադրյալները չի տեսնում, գուշակելու ցանկություն էլ, թե ինչ կլինի հետո, չունի: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ոչ իշխանական ուժերի պայքարը դառնա հետագա միավորման հիմք, Լյովա Խաչատրյանը պատասխանեց.

«Կուտակայինի հարցում և այն հարցերում, որոնք հետաքրքրում են լայն մասսաների, եղել է ընդդիմության միասնություն և լինելու է ապագայում»: Հետաքրքրվեցինք, թե հնարավո”ր է, որ ապագա միավորումը, ինչի մասին խոսում է պատգամավորը, Ռոբերտ Քոչարյանի շուրջ իրականանա: Լ. Խաչատրյանն ասաց. «Չգիտեմ, չգիտեմ՝ ո՞նց կլինի, ի՞նչ կլինի: Ես մի բան գիտեմ, որ ապագա ընտրություններում կհաղթի կամ ԲՀԿ թեկնածուն, կամ այն թեկնածուն, որին ԲՀԿ-ն կսատարի»:

Հարցին, թե ԲՀԿ-ն 2018թ. նախագահական ընտրություններին հանդես կգա՞ սեփական թեկնածուով, պատգամավորն այսպես պատասխանեց. «Օրը կգա՝ բարին հետը: Ցանկացած քաղաքական ուժի նպատակն առաջին հերթին դա պետք է լինի, որ ներկայացնի թեկնածու, հակառակ դեպքում՝ հաջորդ օրն այդ ուժը պետք է լուծարման դիմում ներկայացնի»:

Երբ հիշեցրինք, որ 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց, բայց լուծարման դիմում չներկայացրեց, Լյովա Խաչատրյանն արձագանքեց. «Նախորդ ընտրություններում գուցե մի քիչ հավատ ունեինք, որ այս կառավարությունն աշխատել գիտի,  բայց հիմա համոզվել ենք, որ՝ չէ, սխալվել ենք»:

Իսկ թե ո՞ւմ է Լյովա Խաչատրյանը պատկերացնում ԲՀԿ-ից՝ նախագահի թեկնածուի դերում, պատգամավորը դժվարացավ պատասխանել՝ ասելով. «Այն բոլորին, ովքեր իրենց գիտելիքներով պաշտպանում են թեկնածուական: Եթե գիտական թեզը համապատասխանում է  ներկայացված պահանջներին, կարող են լինել թեկնածու: Իսկ ԲՀԿ թեկնածուի մասին խոսել դեռ վաղ է, չեմ կարող ասել: Ո՞նց կարող եմ պատկերացնել չեղած բանը: Եթե վաղն ընտրություն լինի, կունենանք թեկնածու»:

Դիտարկմանը, թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չե՞ք պատկերացնում նախագահի թեկնածուի դերում, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մեր կուսակցության առաջնորդը կասի իր կարծիքը և կուսակցության գիծը կներկայացնի՝ ապագայի հետ կապված»:

Տեսանյութեր

Լրահոս