Խաղադրույքներ «Օսկարի» հավակնորդների վրա
Միջազգային բուքմեյքերական ընկերություններն ակտիվորեն սկսել են խաղադրույքներ ընդունել Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր իրադարձությունների վրա:
Բուքմեյքերների կարծիքով, տարվա լավագույն ֆիլմ ճանաչվելու ամենամեծ հնարավորությունն ունի անգլիացի Սթիվ Մակկուինի «12 տարվա ստրկությունը», որը հավակնում է 9 Օսկարի: Ֆիլմի հաղթանակի գործակիցը 1.44 է: Դևիդ Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» և Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ժապավենների հաղթանակի շանսերը հավասար են դիտարկվում. գործակիցը 5 է: Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ-Ստրիտից» ֆիլմի հաղթանակին հավատացողներին առաջարկվում է 51 գործակից, իսկ «Գնորդների դալլասյան ակումբ»-ին՝ 81: Մնացած 4 ժապավենի («Ֆիլոմենա», «Նեբրասկա», «Կապիտան Ֆիլիպս», «Նա») հաղթանակի գործակիցը 100-ից բարձր է:
«Լավագույն դերասան» անվանակարգում բուքմեյքերները հավատում են Մեթյու Մակկոնահիի («Գնորդների դալլասյան ակումբը») հաղթանակին՝ 1.36 գործակցով: «12 տարվա ստրկություն» դրամայի գլխավոր դերակատար Չիվետել Էջիոֆորի հաղթանակի գործակիցը 4 է, իսկ Լեոնարդո դի Կապրիոյինը («Գայլը Ուոլ-Ստրիտից»)՝ 8: Քրիստիան Բեյլի («Խարդախություն ամերիկյան ձևով») և Բրյուս Դերնի («Նեբրասկա») հնարավորությունները շատ ավելի թույլ են համարվում:
Դերասանուհիների շարքում բուքմեյքերների ֆավորիտը Քեյթ Բլանշետն է («Ժասմին»), ում հաղթանակի համար առաջարկվող գործակիցն ընդամենը 1.08 է: Սանդրա Բուլոկի («Գրավիտացիա») հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 9 գործակցով, Էմի Ադամսինը («Խարդախություն ամերիկյան ձևով»)՝ 10, Ջուդի Դենչինը («Ֆիլոմենա»)՝ 21, իսկ եռակի օսկարակիր Մերիլ Սթրիփինը («Օգոստոս»)՝ 41:
Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մարտի 2-ին:
Թոմսոն