Մենք դատապարտյա՞լ ենք, թե՞ գերի
«168 Ժամը» դիմում-հայտարարություն է ստացել ՀՀ Արդարադատության նախարարության «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Հարություն Նենեջյանից: Նամակի տակ ստորագրել են երեք տասնյակ դատապարտյալներ: Նամակը հրապարակում ենք ամբողջությամբ, քանի որ նամակում բարձրացված հարցերը լուրջ հիմքեր ունեն և մտահոգում են բազմաթիվ մարդկանց:
Դիմում-հայտարարություն
Ի սկզբանե ցանկանում եմ իրազեկել ձեզ, որ իմ կողմից ներկայացվող այս նամակի պահանջը բոլորովին ինքնանպատակ չէ։ Ես ինձ վերագրվող հանցագործությունում ինձ մեղավոր չեմ ճանաչում, բայց ես արդեն դատապարտվել եմ 6 տարի ազատազրկման, և շուրջ 4 տարի 2 ամիս է` կրում եմ պատիժս, այս հանգամանքը դնենք մի կողմ և անդրադառնանք ինձ և մեր բոլոր դատապարտյալներին վերաբերող մի հարցի. վաղաժամկետ պայմանական ազատման խնդրին։
ՀՀ Ք.օր.-ի 76, 77 և Քրեակատարողական օր.-ի 114, 115-րդ հոդվածի պահանջի համաձայն` դատապարտյալին կարող են վաղաժամկետ պայմանական ազատել սահմանված նվազագույն ժամկետի լրանալուց հետո մի շուրջ պայմանների առկայության դեպքում, եթե տվյալ դատապարտյալը չունի տույժ, կարգապահական խախտում, հակում հաշվառում, նախկին դատվածություն։ Քաղհայց ունենալու դեպքում սնանկ է ճանաչվել, մասնակցում է ՔԿՀ-ում տարվող հանրօգուտ սպորտային և այլ միջոցառումներին, արժանացել է խրախուսանքի, աշխատում է վճարովի կամ անվճար հիմունքով։
Ես տեսնում եմ մի շարք դատապարտյալների, որոնք բոլոր ցուցանիշներով համապատասխանում են վաղաժամկետ պայմանական ազատմանը, նրանք իրենց վարքով, կարգապահությամբ և աշխատանքով բազմիցս ապացուցել են, որ ենթակա են վաղաժամկետ պայմանական ազատման, սակայն նրանց պատժի նվազագույն ժամկետը վաղուց է լրացել, նրանք բազմիցս ներկայացվել են վաղաժամկետ պայմանական ազատման և մերժվել, ինչո՞ւմն է կայանում պատճառը։ Իմ այս նամակում նշված փաստերը հաստատելու և իմ կարծիքի հետ համամիտ լինելն ապացուցելու համար, ինձ հետ միասին, կստորագրեն մի քանի տասնյակ ուղղված, դրական, աշխատասեր, կարգապահ դատապարտյալներ։
Ընդհանուր առմամբ իմ վաղաժամկետ պայմանական ժամկետն էլ է լրացել, և 5 անգամ մերժել են իմ վաղաժամկետ պայմանական ազատումը։ Գրելով իմ մասին, որ ես «բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ, անհետևողական, նրա հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքները ուղղման և քաղհայցի մարման հետ կապված դեռևս դրական արդյունքներ չեն տալիս», և կազմում են եզրակացություն իմ մասին, որ «դատապարտյալի ուղղման աստիճանը բացասական է, բնութագրվում է բացասական, ուստի գտնում եմ, որ նշանակված պատժի չկրած մասը կրելու կարիք ունի»։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և նույնիսկ, եթե ճանաչեի, ապա չէի կարող մարել քաղհայցը, քանի որ չունեմ հնարավորություն և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ եմ ճանաչվել։ Իմ հետ որևէ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ չեն տարվել։
Ես մասնակցում եմ կրթական և սպորտային միջոցառումներին։ Կրթական ինքնագործ միավորման անդամ եմ, խնամքիս են գտնվում կինս և 4 երեխաներս, չունեմ տույժ, կարգապահական խախտում, վատ վարքագիծ, նախկին դատվածություն։ Եվ այս ամենը հանգեցնում է նրան, որ դատապարտյալների մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ, և մենք հոգեպես տանջանքների և տառապանքների ենք ենթարկվում, քանի որ մենք, իրավացի լինելով հանդերձ, չենք կարողանում օգտվել մեզ հասանելիք վաղաժամկետ պայմանական ազատումից։ Անձամբ ես մերժումների հետևանքով դարձել եմ հոգեկան հիվանդին համարժեք անձ։
Նշում եմ նաև, որ 2011 և 2013 թթ. հայտարարված համաներումներն իմ նկատմամբ չեն կիրառվել, քանի որ ունեմ քաղհայց, բայց չէ՞ որ ես վաղուց սնանկ եմ ճանաչվել և ի վիճակի չեմ կալանքս կրելու ընթացքում վճարել քաղհայցը։ Համաներման մեջ քաղհայցերին վերաբերող դրույթներն արդարացի կերպով չեն սահմանվում, եթե ես հնարավորություն չունեմ մարելու քաղհայցս և վաղուց սնանկ եմ ճանաչվել և ի վիճակի չեմ կալանքս կրելու ընթացքում վճարել քաղհայցը։
Համաներման մեջ քաղհայցերին վերաբերող դրույթներն արդարացի կերպով չեն սահմանվում, եթե ես հնարավորություն չունեմ մարելու քաղհայցս և վաղուց սնանկ եմ ճանաչվել դատարանի որոշմամբ, ապա ինչի՞ համար իմ նկատմամբ չպետք է կիրառվի համաներումը։
Եթե դատապարտյալը չի կարողանում օգտվել իրեն օրենքով հասանելիք վաղաժամկետ պայմանական ազատումից, ապա մեխանիկորեն հայտնվում է գերու կարգավիճակում։ Հայտարարության ընդհանուր նպատակն է` իրազեկել դատապարտյալներիս վերաբերող օրինագծերի մշակողներին այն պրոբլեմների մասին, որոնք դուրս են մնացել նրանց տեսադաշտից` խոսքս մասնավորապես վերաբերում է ՀՀ Արդարադատության նախարարին, Ազգային ժողովին և Գլխավոր դատախազին։
Մենք ներկայացնելով այս փաստերը` խնդրում ենք դրական ընթացք տալ մեր խնդրանքին, լուծելով մեր խնդրահարույց վաղաժամկետ պայմանական ազատման հարցը: