Ֆրանսուա Օլանդը Թուրքիայում քննարկելու է ԼՂ-ի հարցը. թուրք դեսպան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ (ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող) Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր թուրքական այցի ժամանակ քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև Կիպրոսի հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:
Վերջինիս խոսքերով՝ այդ այցի ժամանակ քննարկվելու են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կապերը: Թուրք դեսպանը հույս է հայտնել, որ Օլանդի թուրքական այցը դրականորեն կանդրադառնա այդ ամենի վրա:
Դեսպանի խոսքերով՝ այցի ընթացքում Օլանդը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Օլանդը Թուրքիա է այցելելու Աբդուլլահ Գյուլի հրավերով: Այցն իրականացվելու է հունվարի 27-28-ին (ավելի ուշ Օլանդն այցելելու է Ադրբեջան):
Հիշեցնենք, որ Թուրքիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը հանդիսանում է Ֆրանսուա Միտերանը, ով Թուրքիա է այցելել 1992 թվականին: Ճիշտ է՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 2011 թվականին այցելել էր Թուրքիա, սակայն այցից առաջ նա ընդգծել էր, որ Թուրքիա է այցելում ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահ, այլ՝ որպես G-20-ի նախագահ: Դա խստապես զայրացրել էր թուրքական կողմին և Սարկոզիին դիմավորել էին շատ ցածր մակարդակով՝ Անկարայի քաղաքապետ: