Ըստ թուրքագետի` «թուրքերը չեն կարողանում մարսել մեր արտգործնախարարի կոշտ հայտարարությունները»

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, այսօր հրավիրված մամլո ասուլիսում խոսելով թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի հայաստանյան այցի մասին, ասաց, թե չի կարծում, որ Օքթայը թուրքական հատուկ ծառայությունների բացահայտ գործակալ է, բայց ենթադրեց, որ կարող է համագործակցել` եթե ոչ հատուկ ծառայությունների, ապա գոնե Թուրքիայի արտգործնախարարության հետ:

Հ. Չաքրյանից հետաքրքրվեցին, թե, իր կարծիքով, Հասան Օքթայի այցի նպատակը միայն Երևանում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացելուն նպաստե՞լն էր, թե՞ նա հետապնդել է այլ նպատակներ: Սրան ի պատասխան` թուրքագետն ասաց. «Դե գիտեք, մենք էլ հո Ազգային անվտանգության ծառայություն ունենք, և նրանք բավականին լավ են գործում, մանավանդ` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին կարգի են բերվել, նախկին կադրերը վերականգվել են: Գործում են: Եթե ձայնը դուրս չի գալիս, ամենալավ գործելու եղանակը սուսուփուս գործելն է, մի հատ ձայն չենք լսում, չէ՞: Անվտանգության ծառայությունները պիտի էդպես անձայն խոսեն: Չեմ կարծում, որ նրանք տեղյակ չեն` Հասանը երբ եկավ, ում հետ եկավ, Գյումրի գնաց, ինչու և այլն: Բայց էս նպատակը   «Անադոլու»  գործակալության թղթակցին բերելն էր, որովհետև իրենք պաշտոնապես դիմել էին արտգործնախարարությանը»:

Հ. Չաքրյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ Օքթային հարցրել է, թե ինչպես է անցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին այցը Հայաստան, ինչին ի պատասխան` Օքթայը, ըստ Չաքրյանի, նշել է. «շատ վատ, թուրքական կողմը խիստ դժգոհ է»: Սա, Չաքրյանի խոսքերով, ենթադրելի էր:

Նա հիշեցրեց, որ դեռևս 2009 թ. նոյեմբերին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլում «բավական կոշտ է» ելույթ ունեցել և ընգծել է, թե Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների զիջումներ  չի անի Ցեղասպանության և ղարաբաղյան հարցում:

Թուրքագետը գտնում է, թե Հայաստանի իշխանությունները միգուցե «վատ են կառավարում ներքաղաքական հարցերում», սակայն արտաքին քաղաքականության հարցերում հաստատակամ են:

«Թուրքերը միշտ ուզում են, որ մենք Թուրքիայից վախեցած լինենք: Մինչև հիմա չեն կարողանում մարսել մեր արտգործնախարարի կոշտ հայտարարությունները, մասամբ` նաև իմ գրածները. ես բազմիցս «Ազգ»-ում գրել եմ` «հայատյացությունը անասնական բնազդ է դարձել մարդասպան թուրք հրոսակի համար», և Հասանը գիտի… ասել էր, որ իրենք հետևում են իմ գրածներին»,- նշեց Հակոբ Չաքրյանը:

Տեսանյութեր

Լրահոս