«Փամփուշտները վերջացել էին, վազել էր՝ ձեռքը գցեր գնդացրին, հենց այդ պահին…». ՊՆ մայորը՝ սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին (տեսանյութ)
Հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակոցներից մահացած Արմեն Հովհաննիսյանի զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների հարցերի գծով տեղակալ, մայոր Մնացական Ավագյանը լրագրողների հետ զրույցում պատմեց դեպքի մանրամասները: Նա նշեց, որ գիշերը 23:30-24:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ սահմանի մոտ շարժ կա, վտանգավոր երևույթներ են նկատվում: «Ես միանգամից շտապել եմ տվյալ դիրք, այսինքն՝ այն դիրքը, որտեղ գործողությունները տեղի էին ունենում: Հասնելով ճանապարհի կեսին՝ փոխհրաձգությունները միանգամից սկսվեցին: Վազքով ես երևի չորս րոպեում հասա դիրք: Հասել եմ դիրք, փոխհրաձգությունները գնում էին: Հակառակորդը երևի թվաքանակով իրականում շատ-շատ էր: Իրենք և´ դիմացից, և´ ետևից, և´ կողքից խաչաձև կրակոցներ էին արձակում մեր տղաների վրա: Մեր տղաներն էլ չէին լռում, կրակում էին նրանց ուղղությամբ՝ տարբեր ուղղություններով, այսինքն՝ հակառակորդի կրակոցների ուղղություններով: Այդ տեսակ: Մարտերը շարունակվեցին մինչև կես ժամ երևի: 20 րոպեից կես ժամ մարտ է տեղի ունեցել, տարբեր տեսակի զենքերից կրակում էին»,- պատմեց Մ. Ավագյանը՝ նշելով, որ որոշ ժամանակ անց հակառակորդը փախուստի է դիմել: Նրա խոսքով՝ մոտ 10-15 րոպե հակառակորդը գնդացիրներից կրակ է արձակել:
Մայոր Մնացական Ավագյանն ասաց, որ երբ դեպքի վայր է հասել, տեսել է, որ զինվորները խուճապի չէին մատնվել. «Խուճապի մատնված մարդ չկար, ես զարմացած էի, որ նրանք տաքացած մարտի էին բռնվել: Չէին էլ վախենում, չէին էլ մտածում, որ ինչ-որ մեկը կարող է զոհվել: Նրանք տեսել էին իրենց ընկերոջ դին նույնիսկ, ու զայրացած դրանից՝ ավելի էին գազազել ու մարտի էին բռնվել բոլորը»:
Մ. Ավագյանն ասաց, որ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով մահացել է հակառակորդի գնդակից, գործել է խիզախորեն: «Գործել էր՝ առանց ընկճվելու, առանց վախի զգացումի: Նույնիսկ իր փամփուշտները վերջանալով հանդերձ՝ վազել էր՝ ձեռքը գցեր գնդացրին, հենց այդ պահին երևի հակառակորդը հասցրել էր, որ նրան…»,- ասաց Մ. Ավագյանը: