Բաժիններ՝

Սպանության մեջ մեղադրվողը՝ ազատության մեջ

Ռուսաստանաբնակ գործարարի սպանության մեջ մեղադրվող, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ պատվիրված սպանության գործով մեղադրյալն ազատ է արձակվել` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։  Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, 2011թ. փետրվարի 9-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում սպանվել էր խոշոր գործարար Կ.Ալոյանը, ով զբաղվում էր կոշիկի արտադրությամբ, առևտրային և օֆիսային տարածքների վարձակալությամբ, դրամական միջոցներi կանխիկացմամբ, տոկոսներով դրամական միջոցների տրամադրմամբ:

Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին Կ.Ալոյանի և քննությամբ չպարզված անձանց միջև վեճ է ծագել` վերջիններիս կողմից 16 000 000 ռուսական ռուբլին Ալոյանին չվերադարձնելու շուրջ: Այնուհետև քննությամբ չպարզված անձինք դիմել են ՀՀ քաղաքացի, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանին` վերջինիս առաջարկելով պատվերով, որոշակի վարձատրության դիմաց սպանել Ալոյանին:

Ռուսաստանի իրավապահների բացահայտած փաստերի համաձայն` 2011թ. փետրվարի 6-ից Մկրտիչ Սարգսյանը հետևել է գործարարին, իսկ 2011թ. փետրվարի 8-ի գիշերը դարանակալել, ապա հրազենային 2 կրակոցով սպանել է Կ.Ալոյանին վերջինիս ծանոթուհու բնակարանի մոտ:

Սակայն, մինչ այս բացահայտումը, Մ.Սարգսյանն արդեն հասցրել էր 2012թ. մարտի 20-ին մեկնել ՌԴ «Վնուկովո» օդանավակայանից:   2012թ. նոյեմբերի 2-ին Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում:   Երեք ամիս անց` 2013թ. հունվարի 26-ին, Մ.Սարգսյանը Մոսկվայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևանի ՁԱՊՎ: Նույն օրը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության միջոցով ստացվել է Մ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու մասին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Լենինյան շրջանի դատարանի 13.11.2012թ. որոշումը:

Սակայն մեր դատարանն այս հարցի շուրջ այլ տեսակետ ուներ: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2013թ. հունվարի 29-ին քննության առնելով Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, մերժել է այն` պատճառաբանելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջազգային պայմանագրի իմաստով սեփական քաղաքացու հանձնումն օտարերկրյա պետությանն ուղղակիորեն արգելված է, ուստի՝ քանի որ Մ.Սարգսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օտարերկրյա պետությանը հանձնելու նպատակով կալանավորվել չի կարող:

Թե ինչ հիմքով է ծանր հանցագործության մեջ մեղադրվող Մկրտիչ Սարգսյանը հայտնվել ազատության մեջ, «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել հետևյալը.   Հայազգի գործարարի սպանության մեղադրանքով Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով: Իսկ կեղծ փաստաթղթերով ապօրինի սահմանը հատելու մեղադրանքով՝ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և այս մեղադրանքով քրեական գործը կքննվի դատարանում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս